«Փող։ Կիրք։ Իշխանություն։»․ առաջնախաղ` Ռուսական թատրոնի բեմում
ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայացավ առաջնախաղ: Հանդիսատեսի դատին հանձնվեց «Փող։ Կիրք։ Իշխանություն։» դրաման ըստ Ի. Գոնչարովի «Սովորական պատմություն» վեպի։ Ներկայացման բեմադրիչը Սուրեն Շահվերդյանն է: Առաջնախաղը կայացավ սեպտեմբերի 27-ին:
Երիտասարդ գավառական Ալեքսանդր Ադուևը ժամանում է «Ոսկե դարի» փայլուն, բայց դաժան մայրաքաղաք՝ մի աշխարհ, որտեղ փողը իշխում է, կրքերն ի չիք են դարձնում երազանքները, իսկ իշխանությունն այլասերում է հոգիները: Այստեղ նա ձգտում է պահպանել իր իդեալները, սակայն անհագ քաղաքը կլանում է նրան՝ վերածելով ցինիկ խաղի հերթական զոհի, որտեղ ագահությունն ու սառը հաշվարկն են տիրում։ Մինչ Ալեքսանդրը դառնում է իր անողոք մորեղբոր հայելին, որն ընչաքաղցության մարմնացումն էր, անսպասելիորեն գտնում է իր կյանքը վերաիմաստավորելու ուղին։
Ո՞վ է հաղթելու խառնվածքների և արժեքների այս բախումից:
Ներկայացման դերակատարներն են Մանվել Խաչատրյան/Գոռ Համբարձումյան, Սամվել Սարգսյան, ՀՀ վաստակավոր արտիստ Իրա Հարությունյան, Լիլիա Մուկուչյան, Թեհմինե Խաչատրյան, Հայարփի Զուռնաչյան/Շուշան Ջանոյան, Մելսիդա Հակոբյան, Գրիգոր Խոջայան, Արման Մեժլումյան։ Զանգվածային տեսարաններում ներգրավված են ԵԹԿՊԻ ուսանողները։
Ներկայացման նախագծի ղեկավար՝ Մարիաննա Մխիթարյան, բեմականացումը՝ Նառա Ստեփանյանի, բեմանկարիչ՝ Աշոտ Թադևոսյան, զգեստների նկարիչ՝ Յուլիա Ֆինկ, լուսային նկարիչ՝ Հայկ Աղաբեկյան, տեսակոնտենտը ՝ Արգիշտի Փիլոյանի, սաունդ-դիզայնը՝ Նիկիտա Մոնախովի, պարուսույց՝ Նունե Կիրակոսյան։
Ներկայացումը նախատեսված է 18+ անձանց համար:
