Կ․ Ս․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի կունենա հուշ-երեկո՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի ծննդյան 85-ամյակին
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ս․թ․ նոյեմբերի 26-ին, ժամը 19։00-ին Կ․ Ս․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի կունենա հուշ-երեկո՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, թատրոնի երկարակյաց գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի ծննդյան 85-ամյակին:
Կներկայացվեն հուշեր Ալեքսանդր Գրիգորյանի անցած ուղու մասին, կցուցադրվեն հատվածներ նրա բեմադրած և առավել մեծ հնչողություն ստացած ներկայացումներից («Հիշատակման աղոթք», «Խանումա», «Հրեշը լուսնի վրա», «Ռևիզոր» և այլն)։
Բեմում կլինեն թատրոնի դերասանները։
Ողջույնի խոսքով հանդես կգան թատերական գործիչներ, պետական այրեր:
Երեկոյի ընթացքում մի շարք թատերական գործիչներ կպարգևատրվեն Ալեքսանդր Գրիգորյանի անվան հուշամեդալով։ Այն թողարկվել է 2021թ-ին։
Ալեքսանդր Սամսոնի Գրիգորյանը ծնվել է 1936 թվականի օգոստոսի 20-ին: Ավարտել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը: 26 տարեկանում դարձել է Սմոլենսկի թատրոնի գլխավոր ռեժիսոր: 1964-ին հրավիրվել է Հայաստան, նշանակվել Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական թատրոնի գլխավոր ռեժիսոր, որտեղ 52 տարի աշխատել է որպես թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր:
Ալեքսանդր Գրիգորյանի անվան հետ կապված են թատրոնի լավագույն ներկայացումները` Մ. Լերմոնտովի «Դիմակահանդես», Ն. Գոգոլի «Ռևիզորը», Սուխովո-Կոբիլինի «Տարելկինի մահը», Վ. Շեքսպիրի «Մակբեթ», Գ․ Գորինի «Հիշատակման աղոթք» և այլն:
2000 թվականին նա դարձել է Ստանիսլավսկու, 2001-ին` Սմոկտունովսկու միջազգային թատերական մրցանակների դափնեկիր: Արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի, ՌԴ արվեստի վաստակավոր գործչի կոչման, ՀՀ Պետական մրցանակի, պարգևատրվել է ՌԴ Նախագահի «Բարեկամություն» շքանշանով: 2010 թվականին ստացել է Թատրոնի միջազգային ակադեմիայի ակադեմիկոսի, 2012-ին՝ Երևանի պատվավոր քաղաքացու կոչում:
2017-ին պարգևատրվել է ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Նույն թվականի ապրիլին Գրիգորյանը բեմադրել է Ա. Օստրովսկու «Ամպրոպը» («Լիներ կամքի ուժ») պիեսը, որն էլ դարձել է վարպետի վերջին գործը: