«Անբան Հուռին»՝ ռուսական թատրոնի բեմում
Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կկայանա մանկական ներկայացման առաջնախաղ։ Փոքրիկ հանդիսատեսի դատին կհանձնվի «Անբան Հուռին»՝ ըստ Հովհաննես Թումանյանի համանուն հեքիաթի։ Ներկայացման բեմադրիչը և բեմականացման հեղինակը Սարգիս Շողունցն է։
Ներկայացումը պատմում է մի աղջկա մասին, ով չի սիրում աշխատել։ Մայրը ամեն կերպ փորձում է նրան աշխատել սովորեցնել, քանի որ ամուսնանալուց հետո նա պարտավոր է տան բոլոր գործերն իր վրա վերցնել։ Սակայն բոլոր ջանքերը մնում են ապարդյուն։ Հուռին ամուսնանում է թվացյալ հարուստ վաճառականի հետ, բայց չի փոխում իր վարքը և շարունակում է ոչինչ չանել։ Ի վերջո, մայրը գտնում է մի անսովոր լուծում, որը վերջապես կարգավորում է իրավիճակը․ Հուռիի ամուսինը պատրաստակամորեն ընդունում է այդ որոշումը և իր վրա է վերցնում տնային գործերի բեռը։
Ներկայացման մեջ խաղում են թատրոնի դերասանները, ինչպես նաև ԵԹԿՊԻ ուսանողները (կուրսի ղեկավար՝ Սուրեն Շահվերդյան)։
Ներկայացման բեմանկարիչը Տիգրան Հարությունյանն է, զգեստների նկարիչը՝ Մարինա Թադևոսյանը, երաժշտությունը, երգերի խոսքերը, գործիքավորումը՝ Վահե Հայրապետյանի, խորեոգրաֆիան՝ Նունե Կիրակոսյանի։
Ներկայացումը նախատեսված է 5+ տարեկան երեխաների համար։
