Ստանիսլավսկու անվ.
Ռուսական թատրոն
Русский

Անգլերեն տարբերակը կհայտնվի ավելի ուշ

Տոմսեր

Գլխավոր → Նորություններ

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը մասնակցեց Չեխովի անվան XVII Միջազգային թատերական փառատոնին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության տակ գործող Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը մասնակցեց Ա․ Պ․ Չեխովի անվան հեղինակավոր XVII Միջազգային թատերական փառատոնին՝ ներկայացնելով «Փող։ Կիրք։ Իշխանություն։» բեմադրությունը՝ ըստ Իվան Գոնչարովի «Սովորական պատմություն» վեպի։ Ներկայացման ռեժիսորն էր Սուրեն Շահվերդյանը։

Ներկայացումը ցուցադրվեց Մոսկվայի Ա. Ս. Պուշկինի անվան դրամատիկական թատրոնի բեմում՝ հունիսի 9-ին, 10-ին և 11-ին։ Այնուհետև բեմադրությունը ընդգրկվեց փառատոնի Տարածաշրջանային ծրագրում․ հունիսի 14-ին և 15-ին ցուցադրվեց Վորոնեժի Ա. Կոլցովի անվան դրամատիկական թատրոնում՝ Պլատոնովյան փառատոնի շրջանակներում, իսկ հունիսի 18-ին և 19-ին՝ Եկատերինբուրգի Պատանի հանդիսատեսի թատրոնում։

Բոլոր ցուցադրությունները կայացան լեփ-լեցուն դահլիճներում՝ հանդիսատեսի ջերմ ընդունելությամբ և բարձր գնահատականներով։ Ներկայացումների ավարտից հետո մի շարք քաղաքներում անցկացվեցին հանդիպումներ հանդիսատեսի հետ, որոնք վերածվեցին բովանդակալից քննարկումների՝ ներկայացման գաղափարների, հերոսների ներաշխարհի ու ժամանակակից կյանքի արժեքային համակարգի շուրջ։

Մասնավորապես Մոսկվայում՝ երկրորդ ցուցադրությունից հետո, տեղի ունեցավ խորաթափանց և անկաշկանդ զրույց հանդիսատեսի հետ։ Հնչեցին ուշագրավ հարցադրումներ ներկայացման թեմատիկ շերտերի, անհատի ներքին պայքարի ու հասարակության հետ հակադրության վերաբերյալ։ Հանդիպումը վկայեց, որ ներկայացումը զգալի ազդեցություն էր թողել հանդիսատեսի վրա՝ հուզել, զարմացրել և մտորումների դրդել։ Այսպիսի ձևաչափի երկխոսությունները կարևոր դեր ունեն թատրոնի կենդանի ու ներգործուն բնույթը պահպանելու գործում։

Փառատոնային շրջագայության ընթացքում՝ Մոսկվայում, ՀՀ դեսպանատան մշակութային կենտրոնում կազմակերպվեց հանդիսավոր ընդունելություն։ ՀՀ դեսպանության աշխատակազմի ղեկավար Արտակ Գաբրիելյանը ողջունեց երևանյան թատրոնի ստեղծագործական կազմին, ներկայացման հեղինակներին և փառատոնի կազմակերպիչներին՝ ընդգծելով հայ-ռուսական մշակութային համագործակցության կարևորությունը։

Կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գաբբեն նշեց, որ այս բարդ ժամանակաշրջանում Երևանի թատրոնի կողմից ռուսական դասականի բեմադրումը, ինչպես նաև դրա ընդգրկումը Ռուսաստանի գլխավոր թատերական փառատոնի ծրագրում, վկայում է երկու ժողովուրդների միջև առկա կայուն և խորքային մշակութային կապերի մասին։

Մոսկվայի Ա.Պ. Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնի գլխավոր տնօրեն Կարինա Ծատուրովան իր երախտագիտությունը հայտնեց ՀՀ դեսպանությանը՝ ջերմ և ավանդական ընդունելության համար և ուրախությամբ ընդգծեց, որ այս տարի փառատոնի շրջանակում ներկայացվեցին երկու նախագծեր Հայաստանից՝ ինչը հատկապես նշանակալից է ներկա աշխարհաքաղաքական իրադրության պայմաններում։

Եկատերինբուրգում Սուրեն Շահվերդյանը՝ Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրենը, հանդիպեց Եկատերինբուրգի Թատերական ինստիտուտի ուսանողների հետ։ Զրույցի ընթացքում քննարկվեցին ստեղծագործական ուղիներ, մասնագիտական փորձառություն, թատերական արվեստում ներշնչման աղբյուրներ և արդի մարտահրավերներ։ Ուսանողները ակտիվորեն ներգրավվեցին զրույցին, ինչը վկայեց թեմայի նկատմամբ հետաքրքրվածության ու թատրոնի ուժի մասին՝ որպես մտածողություն ձևավորող հարթակ։

Հայ դերասաններն ու պատվիրակությունն իրենց բարձր պրոֆեսիոնալիզմով, նվիրվածությամբ և հոգատարությամբ արժանապատվորեն ներկայացրին Հայաստանը միջազգային բեմում։ Նախագծի ղեկավարն էր թատրոնի տնօրենի խորհրդական Մարիաննա Մխիթարյանը։

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը պատվով ներկայացրեց Հայաստանի մշակույթը միջազգային հարթակներում՝ միաժամանակ արժևորելով ռուս դասական գրականության ժամանակակից մեկնաբանումը։

Ներկայացումներն այս նորությունից

Սովորական պատմությունՀիմնական բեմամսաթվերը կհայտարարվեն

Այլ նորություններ

Պլեներ՝ արվեստի համաշխարհային օրվա առթիվԱրվեստի համաշխարհային օրվա շրջանակում Հայաստանի նկարիչների միության բացօթյա տարածքում կազմակերպվեց ստեղծագործական պլեներ։ Միջոցառմանը մասնակցում էին Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տաղանդավոր սաները, ովքեր կենդանի ստեղծագործում էին տեղում՝ փոխանցելով իրենց տեսլականն ու ոգեշնչումը։«Փող։ Կիրք։ Իշխանություն։» ներկայացումը կմասնակցի Չեխովի անվան թատերական միջազգային հեղինակավոր փառատոնինԿ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Չեխովի անվան թատերական միջազգային հեղինակավոր փառատոնին։ Հունիսի 9, 10, 11-ին Ա. Ս. Պուշկինի անվան թատրոնի բեմում Երևանի ռուսական դրամատիկական թատրոնը կցուցադրի «Փող։ Կիրք։ Իշխանություն։» դրաման ըստ Ի. Գոնչարովի «Սովորական պատմություն» վեպի՝ Սուրեն Շահվերդյանի ռեժիսուրայով։ Ներկայացման առաջնախաղը կայացել է 2024թ-ի սեպտեմբերի 27-ին։Ռուսական թատրոնում մեկնարկել է «Թատերական շաբաթ» նախագիծըՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում մեկնարկել է «Թատերական շաբաթ» նախագիծը։Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա ՎանաձորումԵրևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Վանաձորում։ Հանդիսատեսը առիթ կունենա դիտելու «Փող։ Կիրք։ Իշխանություն։» դրաման՝ ըստ Ի. Գոնչարովի «Սովորական պատմություն» վեպի: Ներկայացումը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին, ժամը 19։00-ին՝ Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։
Բոլոր նորությունները →