«Փոքրիկ ողբերգությունները» կցուցադրվի Սանկտ Պետերբուրգում անցկացվող միջազգային փառատոնին
Ապրիլի 3-ից 9-ը «Բալթյան տուն» թատրոն-փառատոնը կանցկացնի ԱՊՀ երկրների «Հանդիպումներ Ռուսաստանում» 26-րդ միջազգային թատերական փառատոնը։
Այս տարի փառատոնը նվիրված է Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի ծննդյան 225-ամյակին։ Ծրագրում ընդգրկված են 8 երկրներից ժամանած առաջատար թատերական կոլեկտիվներ։
Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը փառատոնի ծրագրի շրջանակներում կցուցադրի Ալ․ Պուշկինի «Փոքրիկ ողբերգությունները» ներկայացումը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով։
Ներկայացման ցուցադրությունը տեղի կունենա #ապրիլի_9 -ին։
«Հանդիպումներ Ռուսաստանում» փառատոնը ոչ միայն ներկայացումների ցուցադրություն է, այլ նաև թատրոնի պրոֆեսիոնալներին համախմբելու տարածք:
Ներկայացումներից բացի, փառատոնի օրերին կանցկացվեն քննարկումներ՝ ռեժիսորների, դերասանների և առաջատար թատերագետների մասնակցությամբ։