Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Սանկտ Պետերբուրգում անցկացվող միջազգային փառատոնին
Ապրիլի 4-ից 10-ը «Բալթյան տուն» թատրոն-փառատոնը կանցկացնի ԱՊՀ երկրների «Հանդիպումներ Ռուսաստանում» XXIV միջազգային թատերական փառատոնը։ 2022 թվականին մշակութային ֆորումը նվիրված է Անկախ Պետությունների Համագործակցության հիմնադրման 30-ամյակին։ Ծրագրում ընդգրկված են Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից և այլ երկրներից ժամանած թատերախմբերի ներկայացումներ։
Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը փառատոնի ծրագրի շրջանակներում կցուցադրի երկու ներկայացում` ժամանակակից ամերիկացի դրամատուրգ Դոն Նիգրոյի պիեսի հիման վրա բեմադրված «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքները»՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի բեմադրությամբ և ըստ անգլիացի ժամանակակից դրամատուրգ Մայք Բարտլետի «ԿոնտրԱկտ» պիեսի՝ ռեժիսոր Նորա Գրիգորյանի բեմադրմամբ:
Ներկայացումները տեղի կունենան ապրիլի 6-ին և 7-ին։
«Հանդիպումներ Ռուսաստանում» փառատոնը ոչ միայն ներկայացումների ցուցադրություն է, այլ նաև թատրոնի պրոֆեսիոնալներին համախմբելու տարածք:
2017 թվականի ֆորումում ստեղծվեց Արտասահմանի ռուսական թատրոնների գործիչների ասոցիացիան, որն այսօր միավորում է 40 երկրների ավելի քան 145 թատերական գործիչների։ Այս տարի ասոցիացիայի գործունեության շրջանակում, ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ, տեղի կունենա III միջազգային համաժողովը, որի հիմնական թեման է՝ «Արտասահմանում գործող ռուսական թատրոնի նոր դեմքերը: Իրավահաջորդության և ավանդույթների պահպանման հիմնախնդիրները»։ Համաժողովին կմասնակցեն երիտասարդ պրոֆեսիոնալներ՝ պրակտիկներ և տեսաբաններ արտերկրներում գործող ռուսական թատրոններից։ Ավագ գործընկերների հետ միասին նրանք կքննարկեն թատերական արվեստի զարգացման նոր ուղիներ գտնելուն վերաբերող կարևոր հարցեր։
Փառատոնն անցկացվում է Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության, Սանկտ Պետերբուրգի մշակույթի կոմիտեի, Ռուսաստանի թատերական գործիչների միության, ԱՊՀ գործերով դաշնային գործակալության, արտասահմանում ապրող հայրենակիցների և Միջազգային հումանիտար համագործակցության (Ռոսսոտրուդնիչեստվո) աջակցությամբ, ԱՊՀ անդամ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի օժանդակությամբ: