«ԽԵՂՃ ՄԱՐԴԻԿ»․ առցանց պրեմիերա՝ ռուսական թատրոնում
Կ․Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը շարունակում է հեռավար աշխատանքը։ Ս․թ․ մայիսի 5-ին, ժամը 20:00-ին թատրոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջում` https://www.facebook.com/Stanislavskitheater/ կցուցադրվի ըստ Ֆ․Մ․ Դոստոևսկու համանուն վեպի «Խեղճ մարդիկ» պիեսը՝ թատերականացված ընթերցում ձևաչափով, Մանվել Խաչատրյանի ռեժիսուրայով։ «Խեղճ մարդիկ» ներկայացման առաջնախաղը նախատեսված էր թատրոնի փոքր բեմում՝ ապրիլի 21-22 -ին, սակայն հասկանալի պատճառներով բեմադրական աշխատանքները դադարեցվել են։ Ներկայացման մեջ խաղում են թատրոնի դերասաններ Մանվել Խաչատրյանն ու Լիլիա Մուկուչյանը, ով նաև պիեսի բեմականացման հեղինակն է։ Վիդիոտեսագրությունն իրականացրել է թատրոնի լուսա և տեսանկարահանման ստուդիայի պատասխանատու Գարիկ Մանուկյանը։ Աշխարհահռչակ ռուս արձակագիր Ֆյոդոր Դոստոևսկին ծնվել է Մոսկվայում: 1843թ.-ին ավարտել է Սանկտ Պետերբուրգի ռազմաճարտարագիտական ուսումնարանը: «Խեղճ մարդիկ» (1846թ.) առաջին վիպակով արժանացել է հասարակության ուշադրությանը: Վեպի նամակներով ձևը թույլ է տվել հեղինակին փոխանցել ինքնաբացահայտող հերոսների հոգեբանության նուրբ երանգները: Դոստոևսկու գեղագիտական հայացքներն ու գաղափարները մեծ ազդեցություն են ունեցել ռուս և համաշխարհային գրականության, այդ թվում` հայ հոգեբանական արձակի վրա: