«Ուրիշ մարդը»` Աբովյանում
Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի հոկտեմբերի 7-ից 11-ը անցկացվող Աբովյանի ամենամյա թատերական փառատոնին։ Այն թվով չորորդն է: Հոկտեմբերի 10-ին Աբովյանի դրամատիկական թատրոնի բեմում ռուսական թատրոնը կցուցադրի «Ուրիշ մարդը» /ըստ Պ. Գլադիլինի պիեսի/ ներկայացումը` Գոհար Փոքրիկյանի բեմադրությամբ: Ներկայացման առաջնախաղը կայացել է 2015թ.-ի հունիսի 11-ին: Փառատոնի շրջանակում նախատեսված է վեց ներկայացում` Երևանի թատրոնների մասնակցությամբ: Փառատոնը նպատակ ունի աշխուժացնել թատերական կյանքը Կոտայքի մարզում, թատերասեր հանրությանը հաղորդակից դարձնել թատերարվեստի զարգացումներին, սևեռել ուշադրությունը դեպի թատրոն: Թատերական փառատոնը անց է կացվում Հայաստանի թատերական գործիչների միության ջանքերով և Աբովյանի համայնքապետարանի աջակցությամբ։