Ռուսական թատրոնը տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշում է կայացրել Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար նշանակել «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն, Գ․ Սունդուկյանի անվան Ազգային Ակադեմիական թատրոնի դերասանուհի Մարիաննա Մխիթարյանին։ Այդ մասին այսօր թատրոնի աշխատակազմին հայտնել են նախարարությունից։ Նշանակումն արվել է մեկ ամսով, որից հետո, ըստ օրենքի, կհայտարարվի մրցույթ տնօրենի թափուր պաշտոնի համար։ Նշենք, որ վեց ամիս Կ․Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է եղել թատրոնի դերասան, PR մենեջեր Յուրի Իգիթխանյանը։ Շնորհակալություն ենք հայտնում պարոն Իգիթխանյանին արդյունավետ գործունեության համար։