Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Նոր բեմում կայացել է «WINE-HOUSE» ներկայացման առաջնախաղը

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Նոր բեմում կայացել է «WINE-HOUSE» ներկայացման առաջնախաղը՝ նվիրված աշխարհահռչակ երգչուհի Էմի Ուայնհաուսի կյանքին և ստեղծագործական ուղուն։

Պիեսի հեղինակն է Սառա Նալբանդյանը։ Բեմադրիչը՝ Դավիթ Խալաթյանը։ Խորեոգրաֆը՝ Տոմա Այդինյանը։ Լուսային ձևավորման հեղինակը՝ Հայկ Աղաբեկյանը։

Դերասանական կազմում են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատերարվեստի ամբիոնի դասախոս, ռեժիսոր Սուրեն Շահվերդյանի արվեստանոցի ուսանողները։

Ներկայացման հիմքում Էմի Ուայնհաուսի կյանքի պատմությունն է, որի միջոցով բացահայտվում են սիրո, փառքի, կախվածությունների և ինքնության որոնման թեմաները։ Սյուժեի առանցքում Էմիի և Բլեյքի հարաբերություններն են՝ սեր, որը նրանց համար դարձավ միաժամանակ և՛ ամենահզոր զգացումը, և՛ ինքնաոչնչացման ճանապարհը։

Ներկայացման առանձնահատկությունը բեմական յուրահատուկ լուծումն է․ գործողությունները ծավալվում են բեմի տակ գտնվող տարածքում՝ ստեղծելով հանդիսատեսի հետ առավել մտերմիկ շփում և ընդգծելով ներկայացման հոգեբանական մթնոլորտը։

Ներկայացումը նախատեսված է 18+ տարիքային սահմանափակմամբ հանդիսատեսի համար։