Ռուսական թատրոնը Ամանորին կներկայացնի «Նոր Սանտա Կլաուսը» ներկայացումը

 

Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը Ամանորին կներկայացնի «Նոր Սանտա Կլաուսը» ներկայացումը։ Պիեսի հեղինակն ու բեմադրիչն է Սարգիս Շողունցը։

Պիեսի գործողությունները ծավալվում են հեռավոր Հյուսիսում, որտեղ Սանտա Կլաուսը ապրում է իր ընտանիքի հետ։ Ժամանակը գալիս է, և նա որոշում է անցնել վաստակած հանգստի՝ իր պարտականությունները փոխանցելով թոռանը, ով հպարտությամբ է ընդունում իրեն վստահված դերը։ Սակայն շուտով ծեր Սանտա Կլաուսը հասկանում է, որ ընտրված ժառանգը չի համապատասխանում այդ պատասխանատու առաքելությանը, և որոշում է գտնել նոր փոխարինողի։

Կնոջ հետ միասին նա ճանապարհորդում է՝ փնտրելով այնպիսի մարդու, ով մանկուց հավատում է հրաշքներին ու բարությանը։ Արևմուտքի հեռավոր մի քաղաքում նա հանդիպում է բարի մարդու՝ սիրող ընտանիքով, և առաջարկում նրան դառնալ նոր Սանտա Կլաուս։ Սակայն ծեր Սանտա Կլաուսի որդին, կուրացած նախանձից ու վրեժից, առևանգում է նոր ընտրյալի երեխային։

Այնուամենայնիվ, ինչպես հեքիաթներում է լինում, չարը բացահայտվում է, բարին հաղթում է, և Ավագների խորհուրդը հաստատում է նոր Սանտա Կլաուսին։

Ներկայացման մեջ ներգրավված են թատրոնի ավագ և երիտասարդ սերնդի դերասանները։

Բեմանկարիչ՝ Տիգրան Հարությունյան, զգեստների նկարիչ՝ Մարինա Սարգսյան, խորեոգրաֆիա՝ Նունե Կիրակոսյան, լուսային ձևավորում՝ Հայկ Աղաբեկյան։

Ներկայացումը նախատեսված է բոլոր տարիքների երեխաների համար։