Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Փոքր բեմի խաղացանկը կհամալրի նոր ներկայացումով՝ «Շեքսպերիմենտ», ըստ Ու. Շեքսպիրի սոնետների։ Ներկայացման բեմադրիչը Էլմիրա Սոլոյանն է։ Բեմանկարչությունը՝ Արեգ Միրիջանյանի:
Ներկայացման մեջ խաղում են թատրոնի դերասաններ Լիլիա Մուկուչյանը, Արեն Խաչատրյանը, Անտոն Աղաջանյանը, Յանա Տուրգունյանը, Ելենա Կասիմյանը։
«Շեքսպերիմենտը» ժամանակակից դիտանկյունից բացահայտում է մարդու ներաշխարհը, որտեղ միախառնվում են սիրո, գայթակղության, հավատարմության և կորուստի զգացումները։ Ներկայացումը փորձ է բացել մարդկային հարաբերությունների խոցելի կողմերը՝ ցույց տալով, թե ինչպես է մեկ պահի սխալը կարող վերածվել անդառնալի ճաքի սիրո և վստահության մեջ։
Շեքսպիրի սոնետների հզոր պոեզիայի միջոցով բեմադրությունը դարձնում է դասական թեմաները արդիական՝ ընդգծելով, որ մարդկային զգացմունքների հակասությունները նույնքան թեժ են այսօր, որքան Շեքսպիրի ժամանակներում։
Ներկայացումը նախատեսված է 16 տարեկանից բարձր հանդիսատեսի համար։
Առաջնախաղերը կկայանան նոյեմբերի 15-ին և 16-ին։