Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը Ամանորին կներկայացնի Հանս Քրիստիան Անդերսենի «Մատնաչափիկը» հեքիաթի հիման վրա ստեղծված ներկայացումը։ Ներկայացման բեմադրիչը Նունե Կիրակոսյանն է: Ներկայացման բեմանկարիչը Տիգրան Հարությունյանն է, զգեստների նկարիչը` Յուլիա Ֆինկը:
Ներկայացման մեջ խաղում են թատրոնի երիտասարդ դերասանները։ Զանգվածային տեսարններում՝ ԵԹԿՊԻ ուսանողներն են (Սուրեն Շահվերդյանի արվեստանոց)։
Ծաղիկից ծնված փոքրիկ աղջիկը, որի անունը Մատնաչափիկ է, անցնում է բազմաթիվ փորձությունների միջով: Ճանապարհին նա հանդիպում է Դոդոշին, Բզեզին և Խլուրդին, որոնցից յուրաքանչյուրը ցանկանում է նրան իր հարսնացուն դարձնել: Չնայած դժվարություններին, Մատնաչափիկը մնում է բարի և հավատարիմ իր երազանքներին: Ի վերջո, նա գտնում է իր երջանկությունը՝ տունը, որտեղ իրեն սպասում են։
Ներկայացումից առաջ փոքրիկ հանդիսատեսին հյուր կգան Ձմեռ պապն ու Ձյունանուշը: Ներկայացումների ցուցադրությունը կմեկնարկի դեկտեմբերի 18-ից: