Ռուսական թատրոնում կիրականացվի «Թատերական հանդիպում» բարեգործական ծրագիրը

2019թ.-ի սեպտեմբեր ամսից Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը վերսկսում է իր բարեգործական ծրագիրը, որի շրջանակներում յուրաքանչյուր ամիս՝ համաձայն խաղացանկի, թատրոնի ներկայացումները դիտելու խմբային այցելություններ են կազմակերպվելու հասարակական տարբեր կազմակերպությունների և սոցիալապես անապահով խմբերի համար:
Ծրագիրը իրականացվում է «Թատերական հանդիպում» խորագրի ներքո: Ծրագրի շրջանակներում այս ամիս՝ սեպտեմբերին, կկազմակերպվի և կիրականացվի այցելություն թատրոն Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների համար. նրանց կտրամադրվեն թատրոնի տոմսեր և փոխադրամիջոց:
Սեպտեմբերի 28-ին մանկատան 20 սաներ կդիտեն «Գայլն ու յոթ ուլիկները» մանկական ներկայացումը:
Այս ամիս Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն կայցելեն նաև «Փրկված մասունքներ» բարեգործական հասարակական կազմակերպության անդամները և իրենց երեխաները: Նրանք կդիտեն «Լիներ կամքի ուժ» («Ամպրոպ») և «Գայլն ու յոթ ուլիկները» ներկայացումները (սեպտեմբերի 21-ին և 28-ին): Կազմակերպության անդամներին կտրամադրվեն հրավիրատոմսեր: